ետք է նշել, որ մարդկության պատմությունը դեռևս խորունկ գիտական եղանակով ուսումնասիրված չէ և գտնվում է մակերեսային զննության շրջափուլում: Սա վտանգավոր վիճակ է, քանի որ ճշգրտորեն չի արձանագրում օրինաչափությունները և կանխորոշում զարգացման միտումները: Նախկին և ներկայիս գիտնականները հիմնականում անտեսում են Բնության և Տիեզերքի օրենքները և դրանք չեն դիտարկում մարդկային հասարակության հարթությունում:
Հայոց պատմության դեպքում դրանց անտեսումն ու արհամարհումը հանգեցնում է լիակատար կործանումների և ցեղասպանությունների: Մեր պատմության էջերում կան այս հիմնադրույթի ապացուցման բազմաթիվ օրինակներ: Նշենք Մեծ եղեռնի փաստը և դրա հետագա դրսևորումները Ադրբեջանում, երբ մեզ թշնամի ուժերը կարողացան անարգել ձևով վերացնել կամ դուրս մղել տեղի հայերին: Սա ցույց է տալիս, որ մեզանում իսպառ բացակայում է գրագետ և ինտելեկտուալ փորձագետների խումբը:
Լեհ սոցիոլոգ Լ.Գումպլովիչը իրավացիորեն առաջ է քաշում Պարբերականության օրենքի դրույթը, որը կարող է տալ շատ հարցերի պատասխաններ: Թերևս, պետությունների կյանքին ու պատմությանը բնորոշ են վերելքները ու վայրէջքները: Այս առումով պատմությունը հիշեցնում է մի իսկական ճոճանակ, որին ներհատուկ են տատանումներն ու խոտորումները: Մեր կարծիքով՝ մենք գործ ունենք տիեզերական մի օրենքի հետ, որը կոչվում է Տատանման օրենք: Այս օրենքի տրամաբանությամբ է պայմանավորված կենսաբանական ձևերի ծնունդն ու զարգացումը:
Ուշագրավ է, որ մարդկությունն ապրում է առաջընթացի և հետընթացի ռիթմերով՝ պտույտներ գործելով և մշտապես վերադառնալով իր նախկին դրությանը: Բայց դա սովորական և առօրեական շարժում չէ, այլ մի նոր որակի վիճակ: Այս միտքն էր հայտնում նաև Հիսուս Քրիստոսը, երբ նշում էր նախկին շրջանին վերադարձի մասին: Նման տեսակետը մեկնաբանում է կյանքի անընդհատության և տրամաբանական զարգացման իմաստն ու բովանադակությունը:
Այժմ պատմական անհրաժեշտություն է խորապես հետազոտել պետությունների և ժողովուրդների պատմական զարգացման օրինաչափությունները ու պարզել նրանց անկումների և վերելքների ճշգրիտ ռիթմերը: Դա մեզ կտա անփոխարինելի տեխնոլոգիաներ, որպեսզի մենք կանխենք անցանկալի դեպքերը և մեզ համար ապահովենք անվտանգ կեցություն: Այս մոտեցումը իրատեսական և գործնական է, որը կարող է աննախադեպ հաջողություն բերել մեր ազգին:
Մենք համոզված ենք, որ հնարավոր է ապահովել կայուն զարգացման ռիթմ և հաղթանակների հաջորդական մի շղթա, որը կարող է մեզ համար ունենալ խթանիչ ազդեցություն ու արարչական մի հոգեվիճակ: Բնականաբար, այդ պարագայում կվերանան վատատեսությունը, անելանելիությունը և վախն ապագայի նկատմամբ: Վերելք-վայրէջքների այս հիմնադրույթը գործում է նաև մարդու կյանքի ողջ ընթացքում: Ցիկլայնությունը շոշափելի և ընկալելի է բոլորի համար, բայց հանրության մեջ բացակայում է այդ երևույթի համապարփակ գիտակցումը:
Ժամանակն է հայության և ՀՀ խնդիրներին մոտենալ խիստ գիտական և ռազմավարական տեսանկյունից և ոչ թե իրադրական ու հուզական դիրքերից: Պետք է փոխել հետազոտական աշխատանքի ամբողջ մեթոդաբանությունը և նորովի դիտարկել բարդ երևույթները: Մենք հետ ենք մնում միջազգային զարգացման միտումներից և հայտնվում բավականին անպաշտպան վիճակում: Իսկ եղած հնարավորություններից բնավ էլ չենք օգտվում: Հարկավոր է սթափվել և լինել գործնական դիրքորոշման կրող և կիրառող:
Ռուբեն Նահատակյան
13.05.2020թ.
Comments