top of page
Writer's pictureAnna Zakharyan

ՍԻՐՈ ՀՐԱՇՔԸ (24.04.2020)

(բացահայտման փորձ) Սա այն հասկացությունն է, որն ակամա նպաստում է զգացմունքների ամեհի հորդանքին: Այս հոգեվիճակն անզուգական է և արարչական;

Այլ կերպ չէր էլ կարող լինել: Ակամա թերթում ես կյանքի մատյանը և կարդում քո սիրո չքնաղ էջերը, որոնք ամեն մեկը հոգու մի բանաստեղծություն են: Սերը ներշնչանքի աղբյուր է և բոլոր գործերի հեղինակն ու արարողը: Սիրո էակին գրկելը նույնն է, ինչ Բնությունն ու Տիեզերքը ըմբոշխնելը: Սա մի անպատմելի վիճակ է: Առանց սիրո կյանքը պարզապես կանգ կառնի, քանի որ կկորցնի իր իմաստն ու իմաստասիրությունը: Եվ սա բնավ էլ չափազանցություն չէ, որովհետև բացահայտում է կեցության խորհուրդն ու գաղտնիքի խեցիները: Իսկ առեղծվածն ու հանելուկը հոգին պարուրում են անբացատրելի մի շղարշով, որի սրսփումն իսկ արդեն պոեզիա է: Սիրո հոգեվիճակը նաև ինքնաճանաչման լավ հնարավորություն է և ստեղծագործաբար ապրելու հրաշալի մեկնակետ: Այն կտրում է քեզ ճղճիմ առօրյայից և տանում երազանքի ուղիներով: Դու արդեն ապրում ես կնոջ հմայքի դաշտում և լսում երգեցիկ թռչունների կախարդական դայլայլը: Սերը կյանքի հիմքն է և շարժման առանցքը, առանց որի ոչ մի բան չի կատարվում: Մենք բոլորս էլ հույզերի և ապրումների հորձանքում ենք, որի գալարները մոտեցնում են մեզ մեծ երջանկությանը: Սիրելիս հոգուդ մեջ հնչում են տերյանական նրբին մեղեդիները, և դու դառնում ես աշխարհի իրական տերը: Անզուգական սիրերգակ է Սայաթ-Նովան: Սա է երանության լուսավոր այն արահետը, որով ընթանում է մարդկությունը: Սիրո կախարդանքը մաքրում է մարդու հոգին և միտքը մղում սլացքի: Սա դժվար է բացատրել, բայց ընկալել հնարավոր է: Կեցության թովչանքը հենց այս կետում է պարփակված: Մենք սիրահարվում ենք և հետագայում ամեն անգամ մի առանձին հիացքով հիշում աստեղային այդ ժամերը ու ստանում սիրո նոր ազդակներ: Սա դիալեկտիկա է և վայելքի յուրատեսակ մի ուղերձ: Հարկավ, կյանքը սրընթաց շարունակվում է և մեզ տանում անակնկալի կեռմաններով, ուր սպասում են բազում փորձություններ և կտրուկ անցումներ: Իսկ մենք խենթորեն սիրահարվում ենք և ամեն անգամ տրվում անսահման հաճույքների: Մենք կարկամում ենք գեղեցկուհու նրբօրոր քայլքով, ժպիտի հանելուկային երանգներով և սեթևեթանքի անընդհատ ծավալումներով: Այո, սա զգացումների մի հրավառություն է, երբ դու դառնում ես համայն Տիեզերքի տերն ու տիրականը: 2 Սերը նաև բուժում է տառապած հոգին, քանի որ քեզ ապահովում է հոգու անդորր և երանավետ մի վիճակ: Դու դառնում ես հավերժության ճամփորդ և անուղղելի անրջող: Քո ներսում լսվում են Բեթհովենի կամ Շոպենի հոգեթով մեղեդիները: Դու հզորանում ես և դառնում ավելի հետաքրքիր, ինչպես նաև բարձրանում է քո ինքնագնահատականը: Եվ սա իրական չափում է և ճշգրիտ սահմանում: Մի ժպիտ կամ շարժում, և դու դառնում ես հույզերի թագավորության միահեծան տիրակալը: Սերն ընկած է մշակույթի ակունքներում և ծագել է մարդկության արշալույսին: Դա կենսատու մի ջահ է, որը լուսավորում է մեր ուղին: Սերը նաև խիստ անհատական և բազմագույն երևույթ է: Դրանից մարդու արյան հոսքն ավելի է հորդանում, և դու վերանում ես առարկայական իրականությունից: Սերը մեր անբաժան ուղեկիցն է լինելու ամբողջ կյանքի ընթացքում: Գրաբարում «սեր» բառը գրվել «սէր » ձևով, ուր «է»-ն աստվածային էության նշանն է: Սա ուշագրավ հանգամանք է, քանի որ բացահայտում է մարդու և Տիեզերքի անքակտելի կապն ու աղերսակցությունը: Չ՞է որ սերը համատիեզերական երևույթ է և անանց արժեք: Հետագա սիրազուրկ ժամանակներում դրա գրությունը փոխվեց և մենք հոգեպես շատ աղքատացանք: Սերը միշտ էլ հաղթանակում է և հաստատում սրբազան իր իշխանությունը:

Ռուբեն Նահատակյան 22.04.2020թ.

1 view0 comments

Recent Posts

See All

Интуиция & Интеллект

Так уж распорядилась эволюция, но Интуиция в большей степени присуща женщинам, а Интеллект – мужчинам, хотя оба эти качества, безусловно,...

Comments


bottom of page